Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են, գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։
«Քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի փակումը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության վրա, բայց այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը:
Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար:
Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար, երթևեկության այս ծանրաբեռնվածության ու մեքենաների ահագնացող հոսքի պարագայում, հավատացեք, ավելի համար ժամանակահատված դժվար է գտնել՝ հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր: Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը:
Այս աշխատանքերի պատճառած անհարմարություններից դժգոհ մարդկանց կողքին, անշուշտ, կան նաև կամուրջի նորոգման անհրաժեշտությունը գիտակցող և ներողամիտ քաղաքացիներ: Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն: Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ»:









