ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակման գործընթացի մեկնարկի մասին։ Պետական հանրակրթական դպրոցների տնօրենների գործուղման նպատակով հայտերն ընդունվում են 2026 թվականի հունիսի 17-24-ն ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների հավատագրման առցանց համակարգում։ Դիմել կարող են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձիք։
Գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումն իրականացվում է առաջին անգամ․ գործարկվող նոր մեխանիզմը նպատակ ունի լուծում տալ բազմաթիվ դպրոցներում տնօրենների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդրին։
Ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի փետրվարի 16-ի 05-Ն հրամանով։
Ո՞ր դեպքում է կատարվում տնօրենի գործուղում
Համաձայն կարգի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձը գործուղման միջոցով կարող է նշանակվել դպրոցի տնօրեն այն հաստատություններում, որտեղ․
առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել,
տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:
Ինչպե՞ս գործուղվել
Գործուղման ցանկություն ունեցող տնօրենի հավակնորդը, որն ունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պետք է կատարի համապատասխան նշում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում՝ ներկայացնելով իր համաձայնությունը նախընտրելի մարզ (Երևան քաղաք) գործուղվելու մասին։
Քայլերի հաջորդականություն
Գործուղման հայտ ներկայցնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
-2026 թվականի հունիսի 17-24-ը https://exams.emis.am/ հարթակի Դպրոցի տնօրենների հավաստագրման համակարգում նշում կատարել համապատասխան մարզ գործուղվելու վերաբերյալ բաժնում
-ներբեռնել վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից
-ներբեռնել բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված (սքանավորված) տարբերակը
-ներբեռնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ (հավաստագրի) տեսաներածված (սքանավորված) տարբերակը։
ԿԳՄՍ նախարարությունը կազմում է սահմանված պահանջներին բավարարող հավակնորդների ցանկը և բոլորին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն՝ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ։ Առաջարկությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառները:
Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Երկամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է դպրոցի գարգացման ծրագիր՝ համաձայն սահմանված ձևաչափի։ Զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում տվյալ հավակնորդի հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։
Գործուղված տնօրենին և նրա ընտանիքի անդամներին պետությունը լրացուցիչ հատկացնում է տեղափոխման տրանսպորտային ծախս, բնակարանային վարձի փոխհատուցում, կոմունալ ծախսերի վճար, ինչպես նաև տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս։ Բացի այդ՝ գործուղված տնօրենին հատկացվում է նաև լրավճար՝ ամսական 138 300 ՀՀ դրամի չափով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։









