Foto

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգnւմ կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի հունիսի 12-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և առևանգում կատարելու համար մեղադրվող Գ.Ս.-ի և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և դրա կազմում առևանգում կատարելու համար մեղադրվող Ս.Գ.-ի ու Ս.Կ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Այս վարույթով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2025 թվականի նոյեմբերի 25-ին վերացրել էր քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, իսկ վերադաս դատախազը վերացրել էր վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հսկող դատախազի՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումները:

Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Ս.-ն, քաղաքացիների միջև ծագած գույքային խնդիրները լուծելու նպատակով, 2024 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է երեք և ավելի անձանցից բաղկացած հանցավոր կազմակերպություն, որին, ի թիվս այլոց, մասնակցել են նաև Ս.Գ.-ն ու Ս.Կ.-ն:

2024 թվականի նոյեմբերին հանցավոր կազմակերպության անդամներին, մասնավորապես՝ Գ.Ս.-ին և Ս.Գ.-ին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ Ա.Ս.-ն՝ իր կնոջ կողմից 2024 թվականի ապրիլի 29-ին և հունիսի 14-ին արտասահմանից ավտոմեքենա ներմուծելու նպատակով ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված 11 միլիոն 931 հազար 850 դրամը նշված ընկերության տնօրենից վերադարձնելու հարցով:

Հանցավոր կազմակերպության անդամներ Գ.Ս.-ն, Ս.Գ.-ն և Ս.Կ.-ն, Ա.Ս.-ի և ՍՊ ընկերության տնօրենի միջև առաջացած քաղաքացիաիրավական հարաբերությունները հանցավոր ճանապարհով լուծելու նպատակով, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պարբերաբար զանգահարել և այցելել են ՍՊ ընկերության գրասենյակ և Ընկերության տնօրենի նկատմամբ հնչեցրել բռնություն գործադրելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ:

ՍՊ ընկերության գրասենյակ կատարած այցերից մեկի ժամանակ՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, Ս.Գ.-ն և Ս.Կ.-ն, ՍՊ ընկերության տնօրենի վրա ճնշում գործադրելու և վերոնշյալ գումարը հետ ստանալու նպատակով, առևանգել են ՍՊ ընկերության աշխատակցին, տեղափոխել Երևան և զանգահարել ՍՊ ընկերության տնօրենին, պահանջելով վերադարձնել Ա.Ս.-ի պարտքի մնացած մասը՝ որպես աշխատակցին բաց թողնելու պայման:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամները ՍՊ ընկերության տնօրենից մաս-մաս ստացել և Ա.Ս.-ին են փոխանցել գումարի մի մասը, իսկ վերադարձված գումարից 1 միլիոն 194 հազար դրամն, Ա.Ս.-ի առաջարկով, որպես անօրինական վարձատրություն պահել են իրենց: Պարտքի գումարի մնացած մասը ՍՊ ընկերության տնօրենը հանցավոր խմբի վերոնշյալ անդամների սպառնալիքների և ճնշման ազդեցության տակ՝ բանկային փոխանցման եղանակով մաս-մաս վերադարձրել է Ա.Ս.-ին:

Դատախազը Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցավոր կազմակերպության անդամներ Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի նկատմամբ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, ինչպես նաև դրա կազմում առևանգում կատարելու համար (մնացած մասով նախաքննությունն ընթացքի մեջ է):

2026 թվականի հունիսի 12-ին դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: