Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները բնակչությանը չեն տեղեկացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում «բնակիչների համար գազի գինը գրեթե 4 անգամ կթանկանա, Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումները կտրուկ կնվազեն, աշխատանքային միգրացիայի արտոնությունները կվերացվեն, իսկ հայկական արտադրանքի՝ ներառյալ բանջարեղենի, մրգերի, ալկոհոլային խմիչքների և հանքային ջրի մատակարարումները կարող են կասեցվել»։
«Նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Երբ որոշում էր կայացվում ԵՄ-ի հետ ինտեգրման վերաբերյալ, մեկ բան էին ասում։ Գործնականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, այդպես էլ ամբողջությամբ չմտավ եվրոպական շուկաներ»,-հայտարարել է Վոլոդինը։
Պետդումայի նախագահի կարծիքով՝ «նույնն էլ սպասվում է Հայաստանին»։
«Հավանաբար, Փաշինյանն անձնական պարտավորություն է ստանձնել միացնել Հայաստանը ԵՄ-ին և այժմ կատարում է այն։ Միևնույն ժամանակ փորձում է անդամակցության բոլոր ծախսերը բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա»,-նշել է նա։
Եզրափակելով՝ Վոլոդինը հայտարարել է․
«Ակնհայտ է, որ նրան չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը և Հայաստանի պետականությունը։ Այս դեպքում նա կարծում է, թե այդ կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը։ Գինը թանկ է լինելու...»։









