25 տարի է՝ ապրում եմ այս համայնքում։ Այս համայնքի յուրահատկությունն այն է, որ մարդիկ ամեն ինչ շուտ են հասկանում, ունեն իրավագիտակցություն, այս մասին Երևանի Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Արաբկիրի ժողովրդին ասֆալտով, դատարկ բառերով չես զարմացնի, Արաբկիրի ժողովուրդը փոքրիկ խմբակի իշխանության գալուց ընդամենը 2 տարի հետո հասկացավ՝ ովքեր են այդ մարդիկ, ու Հայաստանում առաջիններից նրանց մերժեց հենց Արաբկիրը՝ 2021-ին, որովհետև փորձ ունեն, գիտեն՝ ով է սուտասան, ով՝ ոչ։ Դուք արժանի եք ուժեղ քաղաք, ուժեղ ղեկավար ունենալուն։ Մենք պետք է մեր երկրում փոփոխություններ անենք, որ մեր երեխաները չառերեսվեն այն խնդիրներին, որոնց մենք ենք առերեսվել, չտեսնեն այն խնդիրները, որոնք մենք տեսանք՝ վերջին տարիների ընթացքում:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի։ Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։ Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ, որ տարածաշրջանի երկրներն էլ մեզնից օրինակ վերցնեն»,-նշել է նա։









