Բելգիայի Բուգենհաութ բնակավայրում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել են երկու դպրոցական և երկու մեծահասակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Բելգիայի ենթակառուցվածքների նախարար Ժան-Լյուկ Կրուկեն հաստատել է տեղեկությունները, որ վթարի պահին երկաթուղային անցման արգելապատնեշները քանդված են եղել։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 08:00-ին։ Բախման պահին ավտոբուսում եղել են յոթ երեխա, վարորդը և ուղեկցողը։
«Ավտոբուսն ընթանում էր դեպի հատուկ կրթական հաստատություն, որտեղ հիմնականում միջնակարգ դպրոցի երեխաներ են», - ասել է դաշնային ոստիկանության մամուլի խոսնակ Ան Բերգերը։
Բերգերը բելգիական հեռուստատեսությանը նաև հայտնել է, որ միկրոավտոբուսի վարորդը վարել է երկաթուղուն զուգահեռ փողոցով, ապա ձախ է շրջվել երկաթուղային անցման վրա, որտեղ արգելապատնեշն արդեն քանդված էր, և այդ պահին Բուգենհաութով անցնող գնացքը բախվել է միկրոավտոբուսին։
Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ գնացքում ոչ ոք չի տուժել, միայն մեկ մարդ հոսպիտալացվել է շոկային վիճակում։
«Այսօր Եվրոպան սգում է Բելգիայի հետ միասին», - դեպքի առնչությամբ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։









