Foto

Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավել մարիխուանա

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ։

Ըստ տեղեկության՝ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան:

Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց Գյումրու բնակիչ 54-ամյա մի տղամարդ։

Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 100 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Կատարվում է քննություն։