Foto

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության դեմ ամերիկյան պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը պետք է ավարտվեր հունիսի 16-ին։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Դաշնային ռեեստրի կայքում հրապարակված փաստաթղթում։

«Բելառուսի կառավարության առանձին անդամների և այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտասովոր և լուրջ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», — նշվում է փաստաթղթում։ Հրամանագիրը պաշտոնապես կհրապարակվի մայիսի 26-ին։

Խոսքը վերաբերում է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հրամանագրին։ Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք, ԱՄՆ կարծիքով, «խաթարում են Բելառուսում ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»։ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր լրացուցիչ հրամանագիր, որով հստակեցվել էին պատժամիջոցների կիրառման չափանիշները։