Foto

Նեթանյահուն կշտամբել է նախարար Բեն-Գվիրին՝ «Սումուդ»-ի ակտիվիստների նվաuտացման տեսանյութի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին՝ պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նվաստացման տեսանյութը հրապարակելու համար։ Միևնույն ժամանակ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իսրայելը լիակատար իրավունք ուներ որսալու Գազայի հատվածի ուղղությամբ ընթացող նրանց նավերը և ձերբակալելու ակցիայի մասնակիցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելը լիակատար իրավունք ունի կանխելու «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների սադրիչ նավատորմերի մուտքը մեր տարածքային ջրեր և դրանց հասնելը Գազայի հատված։ Սակայն այն եղանակը, որով նախարար Բեն-Գվիրը վարվել է նավատորմի ակտիվիստների հետ, չի համապատասխանում Իսրայելի արժեքներին ու նորմերին»,- ասված է Նեթանյահուի հայտարարության մեջ, որը տարածել է նրա գրասենյակը։

«Ես հանձնարարել եմ համապատասխան իշխանություններին հնարավորինս շուտ արտաքսել սադրիչներին»,- հավելել է Իսրայելի վարչապետը։

Ավելի վաղ Բեն-Գվիրը X սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր տեսանյութ՝ դեպի Գազայի հատվածի ափեր ուղևորվող «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների՝ Իսրայել ժամանման կադրերով։ Ի թիվս այլոց, նրա հոլովակում երևում է, թե ինչպես են տասնյակ ձերբակալվածներ ծնկի բերվել՝ ձեռքերը կապված, գլուխները հատակին, և այդ վիճակում, զինված սահմանապահների հսկողության ներքո, նրանց ստիպում են լսել Իսրայելի օրհներգը։

Բեն-Գվիրի արարքն ավելի վաղ խստորեն դատապարտել էր Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը՝ ընդգծելով, որ այս հրապարակումը ջնջում է իսրայելցի դիվանագետների զգալի ջանքերը։

Սաարը համոզմունք էր հայտնել, որ Ազգային անվտանգության նախարարը «Իսրայելի դեմքը չէ»։

Բեն-Գվիրը ի պատասխան հաղորդագրության մեջ մերժել էր այս քննադատությունը՝ նշելով, որ, իր կարծիքով, իսրայելական կառավարությունում կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչպես պետք է վարվել ահաբեկչության կողմնակիցների հետ։