Foto

Ի՞նչ են հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածուները․ Hetq.am

«Հայաստան» դաշինքի պատգամավորի 213 թեկնածուներն ընդհանուր 1 մլրդ 970 մլն դրամին համարժեք դրամական միջոցներ են հայտարարագրել։ Նրանցից 63-ը գործազուրկ է, 38-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել, նույնքան թեկնածու նշել է, որ դրամական որևէ միջոց չունի, 5-ն էլ դատարկ հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին գրել է Hetq.am-ը։

«Ընտրացուցակի առաջին համարն ու դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանը հայտարարագրել է 1715.7 քմ մակերեսով բնակելի տուն։ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող այս տանն է բնակվում դաշինքի առաջնորդը։ Քոչարյանը հայտարարագրում նշել է նաև Ստեփանակերտում գտնվող 195.83 քմ մակերեսով բնակարանի մասին՝ համատեղ սեփականության իրավունքով։

Ըստ հայտարարագրի՝ Հայաստանի երկրորդ նախագահը շարժական և 8 մլն դրամը գերազանցող արժեքով թանկարժեք որևէ գույք չունի։

Հաշվետու ժամանակահատվածում՝ 2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի ապրիլի 1-ը, Քոչարյանն ընդհանուր 40․8 մլն դրամին համարժեք եկամուտ է ունեցել։ Դրանից 15.1 մլն դրամը նախկին նախագահի թոշակն է, 34.7 հազար ԱՄՆ դոլար նա ստացել է կորպորատիվ պարտատոմսերից, ևս 2.6 մլն ռուսական ռուբլի՝ բանկային ավանդից։

«Հայաստան» դաշինքի ցուցակում Քոչարյանն ամենաշատ դրամական միջոցներն ունի՝ ընդհանուր շուրջ 373.6 մլն դրամին համարժեք։ Նա հայտարարագրել է 15.3 մլն դրամ, 772 հազար դոլար և 14.7 մլն ռուբլի։

Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարագրել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի 0.0119% բաժնետոմսը։

Ցուցակում հաջորդը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։ Սաղաթելյանն ընդհանուր շուրջ 2.1 հա մակերեսով 7 հողամաս է հայտարարագրել ծննդավայր Գեղամավան գյուղում, բոլորը՝ համատեղ սեփականության իրավունքով։ Նա 169.2 քմ մակերեսով մեկ բնակարան ունի Երևանում, որտեղ բնակվում է։

«Հայաստան» դաշինքի երկրորդ համարը ևս ավտոմեքենա չի հայտարարագրել։ Նշված է 8 մլն դրամ արժեքով մատանու մասին։

Սաղաթելյանը հաշվետու ժամանակահատվածում եկամտի մեկ աղբյուր է ունեցել, շուրջ 11.8 մլն դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից։

Հայտարարագիրը ներկայացնելու պահին, ըստ փաստաթղթի, նա ունեցել է 28.7 մլն դրամին համարժեք դրամական միջոցներ՝ 63 հազար դոլար, 10 հազար եվրո և 1 մլն դրամ։

Երրորդ համար Աննա Գրիգորյանը որպես եկամուտ հայտարարագրել է միայն պատգամավորի իր աշխատավարձը՝ 13.4 մլն դրամ և 2 մլն դրամ գումար։

«Առաջ» կուսակցության նախագահ, Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանը դաշինքի ցուցակում 4-րդն է։ Նա հայտարարագրել է 192.6 քմ մակերեսով մեկ առանձնատուն Երևանի Սիլիկյան թաղամասում՝ միանձնյա սեփականության իրավունքով, ևս մեկը՝ Վաղարշապատում՝ 454 քմ մակերեսով ( բաժնային)։ Վաղարշապատում թեկնածուն ունի նաև 72.8 քմ մակերեսով բնակարան (բաժնային) և միանձնյա սեփականության իրավունքով երկու հողամաս՝ 1.13 և 0.18 հա մակերեսներով։ Թեկնածուին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ևս մեկ հողամաս էլ Արմավիրի մարզի Խոյ համայնքում է՝ 0.06 հա մակերեսով։

Խաչատրյանը 3 ավտոմեքենա է հայտարարագրել՝ 2024 թվականի արտադրության BYD SONG PLUS, 2022 թվականի արտադրության LEXUS ES 250 և 2006 թ. արտադրության NISSAN X-TRAIL։

Հաշվետու ժամանակահատվածի համար Սևակ Խաչատրյանը մոտ 1.2 մլն դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է «Առմադա գրուպ» ՍՊԸ-ից։

Ըստ հայտարարագրի՝ նա ունի 1 մլն դրամ, 37 հազար դոլար և 2500 եվրո։

Սևակ Խաչատրյանը հայտարարագրել է նաև «Ապարտ» ՍՊԸ-ի իր 100% բաժնեմասը։ Ընկերությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։

«Հայաստան» դաշինքի 5-րդ համարը ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։ Նա Երևանում գտնվող 89.47 քմ մակերեսով բնակարան և ավտոկայանատեղի է հայտարարագրել՝ համատեղ սեփականության իրավունքով։ Խաչատրյանը 28 քմ մակերեսով բնակելի տուն ունի Երևանի Կոնդ թաղամասում և հողամաս Եղվարդում, երկուսն էլ՝ բաժնային սեփականության իրավունքով։

Թեկնածուն հայտարարագրել է նաև 2013 թվականի արտադրության Mitsubishi Pajero ավտոմեքենա։

Խաչատրյանը հաշվետու ժամանակահատվածում, ըստ հայտարարագրի, ընդհանուր 63.5 մլն դրամ եկամուտ է ստացել 8 աղբյուրից։ Դրա գերակշիռ մասը ստացվել է գույքի օտարումից. Արթուր Խաչատրյանը 42.3 մլն դրամով բնակարան և 2.4 մլն դրամով ավտոմեքենա է վաճառել։ 14.1 մլն դրամը պատգամավորի աշխատավարձն է, շուրջ 2.8 մլն դրամ թեկնածուն ստացել է Հայաստանում ամերիկյան և ֆրանսիական համալսարաններից, 828 հազար դրամ՝ «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ-ից։ Պատգամավորը օգտվել է նաև եկամտահարկի վերադարձից ու ստացել 721 հազար դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու պահին Խաչատրյանը ունեցել է 28.9 մլն դրամին համարժեք գումար, որից 12.7 մլն անկանխիկ դրամ, կանխիկ 9.5 մլն դրամ, 18.3 հազար դոլար և 11.6 եվրո։ 

Թեկնածուն հայտարարագրել է նաև «Ագրիմակ» ՍՊԸ-ի իր 100% բաժնեմասը։ Ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Ցուցակում հաջորդը պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։ Նա հայտարարագրել է միայն 13․4 մլն դրամ պատգամավորի աշխատավարձն ու 3 մլն դրամ գումար։

Դաշինքի 7-րդ համարը կրկին պատգամավոր է՝ Աղվան Վարդանյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության TOYOTA CAMRY ավտոմեքենա, այլ գույք, ըստ հայտարարագրի, չունի։ Վարդանյանը հաշվետու ժամանակահատվածի համար հայտարարագրել է 13․9 մլն դրամ աշխատավարձ ԱԺ աշխատակազմից և 638 հազար դրամ կենսաթոշակ։ Հայտարարագրման պահին նա ունեցել է 8․3 մլն դրամ և 10․9 հազար դոլար։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ցուցակում 8-րդն է։ Նա Երևանում գտնվող 3 բնակարան է հայտարարագրել՝ երկուսը համատեղ, մեկը՝ բաժնային սեփականության իրավունքով։ Հաշվետու ժամանակահատվածում Մանուկյանը 20․9 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Դրանից 17․9 մլն դրամը պատգամավորի աշխատավարձն է, 2․9 մլն ստացել է որպես եկամտահարկի վերադարձ, 100 հազար դրամ՝ հարկերի միասնական հաշվից։

9-րդը ցուցակում պատգամավոր Ագնեսա Խամոյանն է։ Նա հայտարարագրել է 56 քմ մակերեսով բնակարան Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով։ Խամոյանը նաև ունի 2022 թվականի արտադրության Lexus UX 250h ավտոմեքենա։ Թեկնածուն հաշվետու ժամանակահատվածի համար ավելի քան 16 մլն դրամի եկամուտ է հայտարարագրել։ 13․4 մլն դրամը պատգամավորի աշխատավարձն է, 887 հազար դրամ Խամոյանը ստացել է որպես եկամտահարկի վերադարձ։ 4800 դոլար, ըստ հայտարարագրի, Ագնեսա Խամոյանը ստացել է Արթուր Մուրադյանից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրերում մինչև 2022 թվականը Մուրադյանը նշվում է որպես պատգամավորի ամուսին։

2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Խամոյանն ունեցել է 1 մլն դրամ և 2000 դոլար։

«Հայաստան» դաշինքի առաջին տասնյակը եզրափակում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով 228․2 քմ մակերեսով բնակարան Երևանի կենտրոնում, որտեղ բնակվում է։ Նույն հասցեում Քոչարյանը նաև 57․29 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունի։ Երկրորդ նախագահի որդին հայտարարագրել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ընդհանուր 320․4 քմ մակերեսով երկու ոչ բնակելի տարածք՝ համատեղ սեփականության իրավունքով։

Ըստ հայտարարագրի՝ նա երկու մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության TOYOTA CAMRY և 2013 թվականի արտադրության TOYOTA RAV 4։

ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Լևոն Քոչարյանը որպես եկամուտ հայտարարագրել է միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը՝ 15․9 մլն դրամ։

Քոչարյանը, ըստ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի, հայտարարագիր ներկայացնելու պահին ունեցել է 2․5 մլն դրամ։

Հայտարարագրում նշված է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ 60%, «Զեմկոմինվեստ» ՍՊԸ 50% և «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ 33.3% բաժնեմասերի մասին։ Քոչարյանը նաև 0․7% բաժնետոմս ունի «ԷՔՍԶԵԼ ԱՈՒԹԴՈՐՍ» ՍՊԸ-ում և 0.46%՝ «Մուդելայզեր ԱԲ»-ում։ Նշված ընկերություններից որևէ եկամուտ Լևոն Քոչարյանը չի հայտարարագրել»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։