Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ և քաղաքական ընտրարշավից՝ շեշտը դնելով բացառապես վիրավորական տեքստերի, ցածրակարգ բամբասանքի և, ցավոք, փողոցային բառապաշարի վրա։ Ամենայն հավանականությամբ, սա խոսում է քաղաքական և ծրագրային ասելիքի բացակայության մասին։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Այնուամենայնիվ, մենք չենք շեղվելու մեր որդեգրած սկզբունքային դիրքորոշումից և վարելու ենք բացառապես քաղաքակիրթ, իրական ընտրապայքար՝ հարգելով թե´ մեր ընտրողին, թե´ մեր մյուս մրցակից քաղաքական ուժերին։
Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը, Բարգավաճ Հայաստան կառուցելու իր տեսլականը՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված համապարփակ ծրագիրը։ Ուրախ կլինենք բոլոր արձագանքների, մեկնաբանությունների և իրական ծրագրային բանավեճի առաջարկների համար»,-գրել է նա։









