Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մայիսի 19-ին Ստրասբուրգում հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ բոլոր խմբերի (կլաստեր) հոդվածների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է մոլդովակական Moldpres լրատվական գործակալությունը։
«Մենք ցանկանում ենք շարունակել առաջ շարժվել: Մոլդովան պատրաստ է բանակցություններ սկսել բոլոր խմբերի շուրջ: Եվ՛ Եվրոպական հանձնաժողովը, և՛ խորհուրդը հաստատել են, որ մենք պատրաստ ենք:
Քայլ առ քայլ Մոլդովան կատարում է իր պարտավորությունները: Հուսալի, արժանիքների վրա հիմնված անդամակցության գործընթացը պահանջում է երկու կողմերի ջանքերն ու նվիրվածությունը», – ընդգծել է Մայա Սանդուն:
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում կառույցի գլխավոր գրասենյակում վերահաստատել է կառույցի աջակցությունը Մոլդովայի եվրոպական ուղուն:
«Իմ այսօրվա ուղերձը, որը ձևակերպված է հնարավորինս հստակ ձևով, այն է, որ Եվրախորհրդարանը կշարունակի ամեն կերպ աջակցել Մոլդովային», – ասել է նա։
Նախագահ Մայա Սանդուն մայիսի 19-ին այցելել է Եվրախորհրդարան. նա հանդիպումներ կունենա Եվրոպական օրենսդիր մարմնի քաղաքական խմբերի հետ՝ քննարկելու Մոլդովայի արձանագրած առաջընթացը և Եվրամիությանն անդամակցելու ուղու հաջորդ քայլերը։









