SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շենքերից մեկի տանիքից մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մկենել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ նշված քաղաքացին Երևանի 24-ամյա բնակիչ է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 2-ին ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում որպես «Յանդեքս տաքսի» ծառայություն պատվիրած «Toyota» մակնիշի ավտոմեքենայի սրահում նշված ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Ա․ Բ․-ն իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որից հետո ինքը փախել է և վերադարձել իր բնակության հասցե, որտեղ մայիսի 3-ին ժամը 04։30-ի սահմաններում նշված արարքի պատճառով ցանկացել և տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել։Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ա․ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։









