Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պայմանավորվածություն սահմանազատումը հյուսիսից հարավ շարունակելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն գոյություն ունի իրավական հիմք սահմանազատման գործընթացի համար։
Նրա խոսքով՝ 2024 թվականի օգոստոսին ստորագրված և հոկտեմբերին վավերացված սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով Ալմաթայի հռչակագիրը ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք։
«Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանը պետք է վերարձանագրվի որպես երկու երկրների միջև պետական սահման»,- հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ հիմքով օկուպացված տարածքների հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացի շրջանակում։
«Այդ հարցը, որը, իհարկե, հայաստանցիների և կառավարության օրակարգում է, պետք է այդպես լուծում ստանա և այդպես լուծում կստանա»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է նաև, որ սահմանազատման գործընթացում կարող են լինել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք նախատեսված են կանոնակարգով։
Փաշինյանը նաև նշել է, որ արդեն կա հրապարակված պայմանավորվածություն գործընթացը շարունակելու վերաբերյալ։
«Մենք ունենք պայմանավորվածություն, որն արդեն հրապարակված է, որ հյուսիսից հարավ է լինելու սահմանազատումը։ Հասկանալի է, որ այն հատվածներում, որտեղ տեղի է ունեցել սահմանազատում, սահմանը պետք է արձանագրվի, և այդ գործընթացները սահմանազատման տրամաբանության շրջանակում պետք է իրականացվեն թափանցիկ կերպով»,- եզրափակել է Փաշինյանը։









