Foto

Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը միգրացիայի համակարգի արդիականացման հարցում

Մայիսի 5–8-ը Նյու Յորքում տեղի է ունեցել Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումը (IMRF)՝ նվիրված Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) իրականացման առաջընթացի գնահատմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես է եկել ֆորումի ընդհանուր քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս մասնակցել նախարարական կլոր սեղանին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջազգային չափանիշներին համահունչ միգրացիայի կառավարման համակարգի շարունակական արդիականացմանը։ Ելույթներում ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Ֆորումի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև հարակից միջոցառումներին և երկկողմ հանդիպումներ ունեցել մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։