Foto

Այսօր պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ․

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։

Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։

Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։

Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։

Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։
Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն։