Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք, որի մեկնարկին նախագահները հանդես են եկել բաժակաճառերով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը.
«Մեզ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում, ջերմ և բարեկամական միջավայրում, որը խորհրդանշում է մեր ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ հարգանքն ու վստահությունը։
Ձեր պաշտոնական այցը Հայաստան ունի առանձնահատուկ նշանակություն: Ավելի քան տասը տարի է անցել Ձեր՝ որպես Լատվիայի արտաքին գործերի նախարար Հայաստան կատարած վերջին այցից, և այսօր ուրախ ենք Ձեզ ընդունել արդեն Հանրապետության նախագահի կարգավիճակում։
Ձեր ներկայությունը Երևանում մենք դիտարկում ենք որպես կարևոր քաղաքական ազդակ՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն, հատկապես Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում։
Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները հիմնված են ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ինքնիշխանության և անկախության անշեղ պաշտպանության ընդհանուր արժեքների վրա։ Մեր ժողովուրդները կիսում են պատմական փորձառություններ, որոնք մեզ սովորեցրել են գնահատել մեր երկրների անկախությունը և կառուցել ապագա՝ հիմնված համագործակցության և համերաշխության վրա։
Այս համատեքստում բարձր ենք գնահատում Լատվիայի ցուցաբերած զորակցությունը Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման, պետական կառավարման բարեփոխումների ճանապարհին։ Կարևորում ենք Լատվիայի աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության զարգացման հարցում և վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել նոր, շոշափելի արդյունքների։ Թույլ տվեք ընդգծել, որ մենք երախտագիտությամբ ենք հիշում Ձեր անձնական ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման գործում։
Միջպետական հարաբերություններում հանձնառու ենք առավել խորացնել բարեկամ Լատվիայի հետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ առևտրատնտեսական կապերից մինչև բարձ տեխնոլոգիաներ, կրթականից մինչև նորարարություն, թվայնացումից մինչև վերականգնվող էներգիա, զբոսաշրջությունից մինչև ներդրումների խթանում և այլն։ Համոզված ենք, որ այս օրերին կայացած հանդիպումները և ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները կնպաստեն նոր նախաձեռնությունների իրականացմանը և կբացեն փոխգործակցության նոր հեռանկարներ։
Մեր հարաբերությունների կարևորագույն հենքը նաև երկու ժողովուրդների միջև կապերն են։ Լատվիայում ձևավորված հայկական համայնքը հանդիսանում է այդ կապերի կենդանի շարունակությունը՝ նպաստելով փոխըմբռնման, վստահության և բարեկամության ամրապնդմանը։ Եվ անշուշտ մշակութային կապերի շնորհիվ է նաև, որ մեր երկու ժողովուրդները ճանաչել ու համակրանքով են լցվել միմյանց նկատմամբ։ Ուստի տեղին է հիշատակել նշանավոր բանաստեղծ, գրող և լրագրող Մարիս Չակլայսի ու անվանի բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական ու քաղաքական գործիչ Յան Ռայնիսի մասին, որոնք անտեսանելի թելով ու Հայաստանի մասին իրենց ստեղծագործություններով միմյանց են կապել հայ և լատվիացի ժողովուրդներին։
Ընդգծեմ, որ Հայաստանում մեծ սիրով են ընդունում Լատվիայի կենդանի լեգենդ, հանրահայտ երգահան Ռայմոնդ Պաուլսի ստեղծագործությունները, որոնք վաղուց արդեն սիրված են մեր ժողովրդի կողմից և դարձել են մեր մշակութային կյանքի մի մասը։
Այսօր մեր երկրները կանգնած են նոր հնարավորությունների շեմին՝ ձևավորելու առավել ամուր, խոր և հեռանկարային գործընկերություն՝ հիմնված փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և համատեղ աշխատանքի վրա։ Կցանկանայի խոսքս ավարտել Յան Ռայնիսի խոսքով. «հարատև է այն, ինչ ունակ է վերափոխվելու»։ Թող այս միտքը դառնա նաև մեր համագործակցության ուղենիշը՝ ոգեշնչելով մեզ շարունակաբար զարգանալ, հարմարվել նոր իրողություններին և միասին կառուցել առավել կայուն ապագա մեր աշխատասեր, ազատատենչ, խաղաղասեր ժողովուրդների համար։
Թույլ տվեք բարձրացնել բաժակս՝ ի պատիվ Ձեզ, Լատվիայի բարեկամ ժողովրդի բարօրության, Հայաստանի ու Լատվիայի միջև բարեկամության և համագործակցության շարունակական ամրապնդման համար»:









