Մեր գլխավոր նպատակը լինելու է բոլոր այն երկրների և կազմակերպությունների հետ կառուցել հարաբերություններ, որոնցից Հայաստանը կարող է օգուտ ունենալ, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Բացարձակ նշանակություն չունեն երկրների անունները, նույնիսկ Մոզամբիկից, եթե օգուտ ունենանք, կառուցելու ենք շատ լավ հարաբերություններ»,-ասաց նա։
Խոսելով եվրոպական երկրների մասին՝ ասաց, որ եթե այդ երկրներում կա հայկական սփյուռք, պարտավոր են ամեն ինչ անել, որ նշված երկրների հետ լավ հարաբերություններ կառուցվեն։
«Ինչ վերաբերում է իմ ռուսամետությանը, ես Ռուսաստանին չեմ համարում մեզ թշնամի, համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են»,-ընդգծեց Կարապետյանը։









