Foto

Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել

Լիբանանի հարավային և արևելյան շրջանների ուղղությամբ իսրայելական հարձակումների հետևանքով մայիսի 6-ին 7 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելը նաև տարհանման նոր հրահանգներ է տվել Լիբանանի հարավում գտնվող 12 բնակավայրերի բնակիչներին։ Նրանց հանձնարարվել է տեղափոխվել իրենց տներից առնվազն 1 կմ հեռավորության վրա գտնվող բաց տարածքներ։

Միևնույն ժամանակ իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հեզբոլլահ»-ի հետ կապված բազմաթիվ օբյեկտների՝ ոչնչացնելով մի քանի մարտիկի և թիրախավորելով շարժման ռազմական ենթակառուցվածքները։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» հարվածել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական բանակի հավաքատեղիին, տրանսպորտային միջոցներին ու զրահատեխնիկային։

Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2702-ի, իսկ վիրավորներինը՝ 8311-ի։