Foto

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է պատժվել՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո արած հայտարարությունների համար

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է պատժվել ՈւԵՖԱ-ի կողմից՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո արած հայտարարությունների համար։ Այս մասին հայտնում է անգլիական The Times պարբերականը:

Ապրիլի 29-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 1։1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Արսենալի» հետ։ Դաշտի տերերի կազմում աչքի է ընկել Խուլիան Ալվարեսը, իսկ «զինագործներից» գոլի հեղինակ է դարձել Վիկտոր Դյոկերեշը։ Երկու գոլերն էլ գրանցվել են 11-մետրանոց հարվածներից։

Հանդիպման 82-րդ րոպեին գլխավոր մրցավար Դանի Մակելին, VAR-ի համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո, չեղարկել է մադրիդյան ակումբի դարպասին նշանակված 11-մետրանոցը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խիստ քննադատել էր այս որոշումը, իսկ Դեկլան Ռայսն իր հերթին աջակցել էր մարզչին։

«Դա ակնհայտ խախտում էր, և ես չեմ հասկանում, թե ինչու այն չարձանագրվեց: Կարծում եմ՝ երկրպագուները սադրեցին մրցավարին և ազդեցին նրա որոշման վրա: Եվրագավաթային հանդիպումները լիովին տարբերվում են Անգլիայի Պրեմիեր լիգայից։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել, քանի որ սուլում են բացարձակապես բոլոր դրվագներում»,- ասել էր Ռայսը:

Ըստ աղբյուրի՝ ՈւԵՖԱ-ն կարող է կարգապահական վարույթ հարուցել անգլիացի ֆուտբոլիստի նկատմամբ, ինչի արդյունքում նրան որակազրկում է սպառնում։

Հիշեցնենք, որ «Արսենալ» — «Ատլետիկո» պատասխան հանդիպումը կկայանա Լոնդոնում մայիսի 5-ին: