Արցախահայերի համար սպասելի էր, որ Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ օկուպացնելուց հետո, ամեն ինչ կանի հայկական հետքը ջնջելու համար, քանի որ սա է Ադրբեջանի ձեռագիրը։ Սակայն նրանց համար անհասկանալի ու աբսուրդային է ՀՀ ղեկավարի հայտարարությունը, որ չի փորձելու Ադրբեջանի մշակութային ցեղասպանության մասին հարցը պետական մակարդակով դարձնել քննարկման առարկա։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովն աբսուրդային է որակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասում է՝ նա մի ամբողջ երկիր է ներկայացնում, անթույլատրելի է հրապարակավ նման բաներ ասելը։
«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները և դրանից բխող բոլոր քայլերը տեղավորվում են, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգի տրամաբանության մեջ և հայտարարել, թե ոչինչ չեն անելու ադրբեջանական հանցագործությունների դեմ, որպեսզի չխանգարեն այդ օրակարգին՝ առնվազն դիվանագիտական միամտություն է։
Նախ Ադրբեջանում երբեք չի եղել ու չի լինելու «խաղաղության» օրակարգ, դրա ապացույցները բազմաթիվ են՝ սկսած Արցախում մշակութային վանդալիզմից մինչև ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումը։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները, քայլերը հանգեցնելու են նրան, որ օկուպացված Արցախում արձանագրվող մշակութային ցեղասպանության դեպքերը շեշտակի ավելի են մեծանալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։
Ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանը մշտապես օկուպացված Արցախում կազմակերպում է մեծ մասշտաբի միջոցառումներ, որոնց հաջորդում է արդեն մշակութային հուշարձանների ոչնչացումն ու ավերումը։ Ավելին՝ երբ աշխարհի տարբեր երկրներից գնում են Արցախ, Ալիևին որևէ պարգև են հանձնում, դրանից Ադրբեջանն ավելի է առիթավորվում ու սկսում անարգելք գործել ու ոչնչացնել հայկական հետքը։
«Մտավախությունն ունեմ, որ այս ամենը չկանգնեցնելու դեպքում կունենանք երկրորդ Նախիջևան։ Եվ այս պայմաններում խնդիրը պետական մակարդակով քննարկման թեմա չդարձնելը նպաստում է այդ քաղաքականության առաջմղմանը, ինչը, իհարկե, անընդունելի է։ Այսօր հակառակը պետք է տեղի ունենար՝ Արցախում ցանկացած վանդալիզմի դեպքի մասին պետական մակարդակով պետք է բարձրաձայնվեր։
Մինչ Հայաստանի իշխանությունը լռում է՝ Ադրբեջանի իշխանությունը գործում է ու հայկական կողմին մեղադրում է մշակութային ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Այսինքն՝ առնվազն նման զուգահեռ ունենալով ադրբեջանական իշխանությունների կողմից, Հայաստանի իշխանության մոտեցումն այլ պետք է լիներ, պետք է կոշտ պատասխան տրվեր այս ամենին»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։
Ըստ նրա, այսօր պետք է պետական մակարդակով միջազգային օրակարգում հայտնվեր ոչ միայն 2020 թվականից հետո Արցախում տեղի ունեցող մշակութային հուշարձանների ոչնչացման հարցը, այլև բոլոր այդ դեպքերը, որոնք դրանից առաջ Ադրբեջանն իրականացրել է Նախիջևանում, երբ հողին հավասարեցրեց մի ամբողջ քաղաքակրթական մշակույթ։
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ վտանգավոր են և կարող են ծանր հետևանքներ ունենալ մեր պատմամշակութային ժառանգության պահպանությանը նվիրված աշխատանքների համար։ Սա ավելի է բարդացնելու ոլորտով զբաղվող մասնագետների աշխատանքը, որովհետև երբ խնդիրը բարձրաձայնեն, օտարերկրացի պատվիրակը կարող է հակադարձել, որ «եթե ամեն ինչ ճիշտ է, ինչու ՀՀ-ից պաշտոնական որևէ արձագանք չկա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն տարածեց, միջազգային տարբեր հարթակներում դրա մասին խոսում է, սակայն Եկեղեցու արտահայտած հայտարարությունն այլ է, քաղաքական պաշտոնական հայտարարությունը՝ այլ»,- նշեց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։
Նա ասաց, որ անկախ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, մասնագետները և շահագրգիռ անձինք պետք է շարունակեն ակտիվ աշխատել՝ Արցախի մնացած հուշարձանները փրկելու համար, հակառակ դեպքում Նախիջևանի խաչքարերի նման որոշ ժամանակ անց այդ ամենը կանհետանա։
«Իհարկե, մեզ համար աշխատանքն այս պայմաններում ավելի է բարդանում, բայց անկախ ստեղծված իրավիճակից, հակառակ պարագայում այն չնչին գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում միջազգային այս կամ այն հարթակում, կարող են կասեցվել՝ ի վնաս մեզ։ Ավելին՝ կարծում եմ, որ այս պայմաններում մենք պարտավոր ենք մեր ջանքերն ավելի բազմապատկելու»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ չի պատրաստվում պետական մակարդակով քննարկման առարկա դարձնել Արցախում Ադրբեջանի կողմից մշակութային հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, եթե այս մասին խոսեն, պատերազմ կհրահրվի Ադրբեջանի հետ։









