Foto

Սոցապնախարարությունն առաջարկում է կացարանի խնդիր ունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության համար ոչ պիտանի տարածք ունեցող անձանց (ընտանիքներին) ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով։

Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող և տեղափոխելի կացարան, սահմանել շահառուների շրջանակը և ընտրության չափանիշները, ներդնել դիմումների ընդունման, տվյալների համադրման և գնահատման միասնական համակարգ, սահմանել մոդուլային տնակների տրամադրման ընթացակարգը, ժամկետները և պայմանագրային հիմքերը։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալու հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը։