Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեժ Լենարչիչին և նրա գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված համագործակցությունը, որն իր կարևոր դերն է ունեցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունակականության ապահովման և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումների և գործնական քայլերի իրականացմանը՝ ուղղված ժողովրդավարական կայունության ապահովմանը, հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:
Ընդգծվել է ընտրություններին առավել ներառական միջավայրի ապահովման, այդ թվում՝ միջազգային դիտորդների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների արդյունավետ ներգրավման կարևորությունը:
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հիբրիդային սպառնալիքների, այդ թվում` ապատեղեկատվության դրսևորումներին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցներին:









