Foto

Կոլումբիայի նախագահը Մադուրոյի առևանգումից հետո առաջին անգամ այցելել է Վենեսուելա

Վենեսուելայի նախագահ Դելսի Ռոդրիգեսը և նրա կոլումբիացի գործընկեր Գուստավո Պետրոն խոստացել են համագործակցել ռազմական ոլորտում՝ ընդհանուր սահմանին «մաֆիայի» դեմ պայքարում։ Պետրոն դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որն այցելել է Վենեսուելա երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո, հայտնում է AFP-ն։

Պետրոն հանդիպել է Ռոդրիգեսի հետ, որը ժամանակավորապես ստանձնել է պաշտոնը հունվարին ամերիկյան զորքերի կողմից իր նախկին ղեկավար Մադուրոյի տապալումից հետո։

Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ համատեղ ռազմական ջանքերն ուղղված կլինեն «սահմանամերձ շրջանների ազատմանը մաֆիայից, որը զբաղվում է մի շարք անօրինական գործունեությամբ՝ սկսած կոկաինից, անօրինական ոսկուց, վերջացրած մարդկանց առևտրով և հազվագյուտ հանքանյութերով»։

«Երկու երկրներն էլ ստանձնել են… անհապաղ ռազմական պլաններ մշակելու և տեղեկատվության փոխանակման ու հետախուզական տվյալների զարգացման մեխանիզմներ ստեղծելու առաջադրանքը»,- իր հերթին հայտարարել է Ռոդրիգեսը։

Դելսի Ռոդրիգեսը Վենեսուելայում իշխանության է եկել այն բանից հետո, երբ հունվարի 3-ին Կարակասի վրա ԱՄՆ-ի կայծակնային ռազմական հարձակման արդյունքում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվեց և տեղափոխվեց Նյու Յորք՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանք առաջադրելու համար։

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աջակցում է Ռոդրիգեսի ժամանակավոր կառավարությանը, որը Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը բացել է ամերիկյան ընկերությունների համար։

Ուրբաթ օրը Վենեսուելայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության նոր ղեկավար Ջոն Բարեթը հանդիպել է Ռոդրիգեսի հետ։