Foto

Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները

Օրերս Բյուրեղավան քաղաքում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ, հայտնում են համայնքապետարանից։
Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։
Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ տեղում ծանոթանալու հիվանդների առողջական վիճակին։
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդասենյակներով, զրուցել հիվանդների հետ և հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ։
Բուժող բժիշկ-վարակաբան Հրաչուհի Աֆյանը ներկայացրել է հիվանդների ընդհանուր վիճակը՝ նշելով, որ իրականացվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին նրանց վիճակը վերահսկելի է։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ ցուցաբերած բարձր մասնագիտական մոտեցման և հոգատար վերաբերմունքի համար, իսկ բուժման մեջ գտնվող մեր բնակիչներին` շուտափույթ ապաքինում։