Foto

ԵԽ-ն մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության մասին

Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերության նոր առաքելությունը (EUPM Armenia) ստեղծվել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ որպես ներդրում  ՀՀ ժողովրդավարական դիմակայունության բարձրացման և ճգնաժամերը կառավարելու կարողության ամրապնդման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի կայքէջում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաքելությունը կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը, կիբերհարձակումները և ապօրինի ֆինանսական հոսքերը։

EUPM Armenia-ն ռազմավարական խորհրդատվություն և կարողությունների զարգացում կապահովի տարբեր նախարարությունների և ազգային հաստատությունների համար՝ հասարակության և պետական կառույցների առջև ծառացած սպառնալիքներին արձագանքելու քաղաքականությունների մշակման գործում, ինչպես նաև կաջակցի համապարփակ, ամբողջ կառավարությանը ընդգրկող մոտեցման ձևավորմանը։ Այն նաև կտրամադրի օպերատիվ խորհրդատվություն և կունենա նախագծային բաժին, որը պատասխանատու կլինի մանդատի շրջանակում ընդգրկված ոլորտներում կոնկրետ գործողությունների հայտնաբերման և իրականացման համար՝ սերտ համագործակցությամբ համախոհ գործընկերների հետ։