«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։
Կրթություն. ՀՀ բոլոր հանրակրթական հաստատություններում սովորողները կիրականացնեն ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով: Նախագծային աշխատանքներն արդեն իրականացվում են. դրանք կամփոփվեն ապրիլի 20-ին: Նախագծերի շրջանակում աշակերտներն ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ առաջարկելով լուծումներ, որոնք, իրենց պատկերացմամբ, կուժեղացնեն պետությունը՝ հայրենիքը, իրենց բնակավայրն ու համայնքը: Կատարված նախագծային աշխատանքի վերաբերյալ կպատրաստվեն մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութեր, և Քաղաքացու օրը բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն դրանք։
Երիտասարդություն. երիտասարդների հետ կիրականացվեն պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության մասին բանախոսություններ` զուգակցվող հարցուպատասխանով: Հիմնական նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնություն», «պետականություն», «քաղաքացիական կրթություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու վարքագծի ձևավորումը, հայեցակարգային քննարկումների ծավալումը։ Բանախոսությունները կանցկացվեն Երևանի 12 վարչական շրջանների և ՀՀ 10 մարզերի 100 բնակավայրում (ցանկը՝ կից)։
Որպես բանախոսներ՝ հանդես կգան պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող, իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող, հանրության շրջանում ճանաչված գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և իրենց գործունեության արդյունքում հասարակության տարբեր խմբերի համար շոշափելի, դրական փոփոխություններ ապահոված անհատներ, կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:
Մշակույթ. Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ:









