Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով է սկսել պայքարը։ 77 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում 4-0 հաշվով վստահորեն հաղթել է Կառլ Բաֆին և նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներից տպավորիչ ելույթ է ունեցել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը քառորդ եզրափակիչում 7-3 հաշվով առավելության է հասել Իվան Ստեֆանսկիի նկատմամբ ու նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր. երեկոյան նա կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։ Իսկ ահա Կարեն Ասլանյանը որակավորման փուլի հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում անհասկանալի մրցավարության պայմաններում 2-5 հաշվով զիջել է Սերգեյ Եմելինին։
Չնայած կրած պարտություններին՝ Հայաստանի հավաքականի միանգամից երեք ըմբիշ պահպանում է մեդալային պայքարը շարունակելու հնարավորություն: Եթե Կարեն Ասլանյանին հաղթած Սերգեյ Եմելինը հասնի մինչև առաջնության եզրափակիչ, հայ մարզիկը իրավունք կստանա մասնակցելու սփոփիչ գոտեմարտին։ Նույն կանոնը գործում է նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանի (1/8 եզրափակիչում պարտվել է Ռիզա Կայալփին) և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանի (զիջել է Տուրփալ Բիսուլթանովին) պարագայում. նրանք նույնպես կսպասեն իրենց մրցակիցների առաջխաղացմանը։









