ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն արձագանքել է «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությանը։
Մրցավարության որակի բարելավումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Բոլոր հանդիպումները ենթարկվում են մանրամասն վերլուծության, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։
ՀՖՖ-ն առաջնորդվում է բացառապես հավասարության, անկողմնակալության և արդար մրցակցության սկզբունքներով։ Ես հրավիրում եմ «Ուրարտուի» ներկայացուցիչներին ՀՖՖ՝ մեր մասնագետների հետ միասին քննարկելու վերոնշյալ հանդիպման յուրաքանչյուր վիճահարույց դրվագ, որը կասկածի առիթ կարող է լինել։
ՀՖՖ-ն շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելով առաջնության թափանցիկությունն ու արդար մրցակցային միջավայրը։
Մենք հասկանում ենք, որ առաջնության վերջնամասում չեմպիոնության համար պայքարը չափազանց լարված է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բոլոր ակումբների հետ կառուցողական և պրոֆեսիոնալ քննարկման՝ մրցավարական ցանկացած վիճելի հարցի վերաբերյալ։
Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և երկխոսության միջոցով հնարավոր է ապահովել հայկական ֆուտբոլի կայուն զարգացումն ու առաջնության բարձր մրցակցային մակարդակը», — Պետրոսյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։









