Ագարակի մշակույթի տան հարակից տարածքում կայացավ Արտէքսպո ցուցահանդեսը, որի շրջանակում Հայաստան ժամանած ԱՊՀ պետությունների պատվիրակություններն իրենց երկրներին հատկացված տաղավարներում ներկայացրին ժողովրդական մշակութային գործեր, իրեր և ապրանքներ։
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Ղազախստանի մշակույթի և ինֆորմացիայի փոխնախարար Այբեկ Սիդիկովի հետ։
Ղազախ փոխնախարարը նշեց, որ մեր երկու երկրները վաղուց համագործակցում են ոչ միայն մշակութային-հումանիտար, այլև բազմաթիվ ոլորտներում։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Ղազախստանը Երևանում անցկացրեց ղազախական մշակույթի օրեր, իսկ 2024 թվականին Աստանայում ընդունեց հայկական պատվիրակությանը։
«Կան համագործակցության բազմաբնույթ ձևաչափեր նաև միջազգային հարթակներում։ Մենք մշտապես մասնակցում ենք համատեղ կազմակերպված փառատոններին ու համաժողովներին։ Հետայսու նույնպես ակտիվորեն զարգացնելու ենք համագործակցությունը։ Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների գործընկերներին արդեն իսկ հրավիրել ենք մասնակցելու միջազգային մի շարք միջոցառումների, որոնք կայանալու են մեզ մոտ ընթացիկ տարում։ Օրինակ՝ դրանցից մեկը վերաբերելու է թյուրքական մշակութային ժառանգությանը»,- ասաց Սիդիկովը։
Նա հավելեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և պատմական իրադարձություն է համարում Մեղրի քաղաքն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումը։









