Foto

Քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան–Հունաստան հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման ուղղություններին։ Ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Հունաստան կատարած բարձր մակարդակի պաշտոնական այցերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշված տարածաշրջանային փոխկապակցվածության նախաձեռնությունները, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագիծը՝ որպես տարածաշրջանային տնտեսական կապերի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման կարևոր գործոն։

Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է գործարար կապերի ակտիվացումը՝ առաջարկելով կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան՝ ընդգրկելով շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներին։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) երևանյան գագաթաժողովին և Հայաստանում աշնանը կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Դեսպանը ներկայացրել է միջազգային մեծ նշանակություն ունեցող այդ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Փոխվարչապետ Խաձիդակիսը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների մակարդակը էլ ավելի բարձրացնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնելով աջակցել գործընթացի առաջմղմանը։ Նա նաև հետաքրքրություն է հայտնել Հայաստան այց իրականացնելու և տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։