Foto

Թրամփի «ավարտված պատերազմը» և Իրանի անզիջում կեցվածքը. Ի՞նչ է սպասվում Հարավային Կովկասին

Իսլամաբադում օրերս տեղի ունեցած Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին՝ որպես հնարավոր դեէսկալացիայի նախերգանք, սակայն հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը փաստում է խորը դիվանագիտական լճացման մասին։ Չնայած Պակիստանի միջնորդական ջանքերին՝ կողմերին չհաջողվեց դուրս գալ փոխադարձ անվստահության շրջանակից։ Միջազգայնագետների գնահատմամբ՝ Իսլամաբադը փորձեց դառնալ նոր հարթակ երկխոսության համար, սակայն տարածաշրջանային հակամարտությունների ֆոնը և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև առկա սկզբունքային տարաձայնությունները բանակցությունները վերածեցին պարզապես դիրքորոշումների արձանագրման, ինչն էլ հանգեցրեց գործընթացի տեսանելի սառեցման։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին երկու օրերին անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, հերթական անգամ հանդես է եկել ինքնավստահ հայտարարություններով, դրանցով կարծես ծածկելով Իրանի հետ հետագա պատերազմելու ցանկություն չունենալը։ Fox Business-ի լրագրող Մարիա Բարտիրոմոյի հետ զրույցում նա նշել է, թե պատերազմն ավարտված է։

Ըստ Թրամփի, Իրանն այժմ գտնվում է այնպիսի վիճակում, երբ լայնածավալ պատերազմն այլևս օրակարգային չէ թուլության պատճառով։ Նա մասնավորապես հայտարարել է.

«Իրանը սնանկացած է… նրանք պատերազմելու վիճակում չեն»։ Թրամփի խոսքով՝ հենց ամերիկյան կոշտ ճնշումն է չեզոքացրել մեծ բախման վտանգը՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ պատերազմի հավանականությունը փաստացի զրոյացվել է, քանի որ Թեհրանը պարզապես «չի կարող պատերազմել»։

Իրանական կողմը ևս, Իսլամաբադի հանդիպումներից հետո, պահպանում է զգուշավոր, բայց կոշտ հռետորաբանություն։ Թեհրանի պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ իրենք բանակցային սեղանին են նստել միայն «ազգային շահերի և պատժամիջոցների վերացման» օրակարգով։ Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ «Սպիտակ տունը պետք է հրաժարվի առավելագույն ճնշման լեզվից և վերադառնա իրականության դաշտ, եթե ակնկալում է կայուն դիվանագիտական առաջընթաց»։ Իրանը հստակ հասկացնել է տալիս, որ չնայած Վաշինգտոնից հնչող լավատեսական հայտարարություններին, իրենք չեն պատրաստվում զիջումների գնալ իրենց ինքնիշխանության և պաշտպանական ծրագրերի հարցում, ինչը բանակցությունների շուրջ ստեղծում է լճացման զգացում։

Այս պահին բանակցային գործընթացում նկատվում է ակնհայտ լճացում՝ դիվանագիտական դադար կամ «սառեցված վիճակ», որտեղ ոչ մի կողմ չի ցանկանում անել առաջին քայլը՝ չխաթարելու համար սեփական ռազմավարական հաշվարկները։

Վերջնարդյունքում, Իսլամաբադյան բանակցությունները ցույց տվեցին, որ առանց քաղաքական կամքի և փոխադարձ զիջումների պատրաստակամության՝ նման հանդիպումները մնում են լոկ ձևականություն։ Միջազգային հանրությունը հայտնվել է սպասողական վիճակում, քանի որ այս լճացումը կարող է լինել կամ նոր էսկալացիայի նախաշեմ, կամ երկարատև «սառը» դիմակայության շարունակություն, որտեղ բանակցային սեղանը պարզապես ժամանակ շահելու կամ հակառակորդին ստուգելու գործիք է։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ամերիկյան կողմը չի ցանկանում շարունակել պատերազմը, սակայն իրականում կցանկանա անցնել Իրանի տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացման ավելի կոշտ մակարդակի։ Սրա հաջողությունը, նրա կարծիքով, հանգեցնելու է «թյուրքական առանցքի» հետագա ազդեցության խորացման, ինչը մարտահրավեր է Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա, վերլուծաբանի խոսքով, Իրանի համար ԱՄՆ-ի հետ առճակատման ներկայիս փուլն ընկալվում է որպես «ռազմավարական դիմակայունության» հաղթանակ։

«Երբ Թեհրանը զգում է, որ այլևս չի պարտվում կամ չի զիջում Վաշինգտոնին, նրա վարքագիծը դառնում է ավելի վստահ և նախահարձակ։ Այս փուլում Իրանը կփորձի խորացնել իր տարածաշրջանային ինքնավարությունը։ Համոզված լինելով, որ ամերիկյան պատժամիջոցներն ու ռազմական սպառնալիքներն այլևս չունեն նախկին կործանարար ազդեցությունը, Թեհրանը կփորձի անցնել «առանց Արևմուտքի» տարածաշրջանային անվտանգության համակարգի կառուցմանը։ Սա նշանակում է Իրանի դերի կտրուկ մեծացում Հարավային Կովկասում, Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Իրանը կփորձի դառնալ այնպիսի «առանցքային պետություն», որի հետ հաշվի չնստելն անհնար կլինի։ Երկրորդ՝ Իրանը կամրապնդի գործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ ձևավորվող աշխարհակարգին։ Սա կարող է բերել նրան, որ Իրանը կդառնա ավելի անզիջում միջուկային և հրթիռային ծրագրերի հարցում՝ համարելով, որ իր ուժային հավասարակշռությունն արդեն իսկ բավարար է ԱՄՆ-ին զսպելու և սեփական շահերը թելադրելու համար»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Հայաստանի համար, նրա խոսքով, շարունակում է կենսական լինել չեզոքության պահպանումը։ «Իրանը, կարծում եմ, ավելի վճռական կպաշտպանի իր հյուսիսային սահմանների անձեռնմխելիությունը՝ որպես իր վերջին աշխարհաքաղաքական հենակետերից մեկը։ Միևնույն ժամանակ, հայկական դիվանագիտությունը պետք է պատրաստ լինի Թրամփի վարչակազմի կողմից պահանջների, որոնք կտեղավորվեն ԱՄՆ-ի ռեգիոնալ «առավելագույն ճնշման» և Իրանին սահմանափակելու քաղաքականության մեջ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Թրամփի վարչակարգը կարևորում է պայմանավորվածությունները Երևանի ու Բաքվի հետ, այդ սպառնալիքը չպետք է բացառել, քանի որ ԱՄՆ-ը ամրապնդվում է իր ազդեցությունը հաստատելու և իր քաղաքական ծրագրերն առաջ մղելու համար, իսկ այդ ծրագրերում Իրանը, գիտենք, թե ինչ տեղ ունի»,- ասաց նա։