Օրերս Պակիստանի միջնորդությամբ կամակերպված Իրան-ԱՄՆ բանակցությունները մայրաքաղաք Իսլամաբադում ըստ էության տապալվեցին։ Թեհրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնին չի հաջողվել շահել Թեհրանի վստահությունը։ X-ի գրառման մեջ Ղալիբաֆը հայտնել է, որ Պակիստանում անցկացված քննարկումների ժամանակ իր բանակցային թիմն «առաջ նայող» նախաձեռնություններ է ներկայացրել, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը։
«Իրանական պատվիրակության իմ գործընկերները կառուցողական նախաձեռնություններ են ներկայացրել, բայց բանակցությունների այս փուլի վերջնարդյունքում հակառակ կողմն ի վիճակի չեղավ շահել իրանական պատվիրակության վստահությունը»,- գրել է իրանցի պաշտոնյան՝ շարունակելով, որ ԱՄՆ-ը ընկալել է իրենց տրամաբանությունն ու սկզբունքները, և ժամանակն է, որ որոշի՝ ի վիճակի՞ է շահել Իրանի վստահությունը, թե՞ ոչ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, թե Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ը և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների»,- ասել է Ջեյ Դի Վենսը։ «Մենք պարզապես չկարողացանք հասնել այնպիսի իրավիճակի, երբ իրանցիները կընդունեին մեր պայմանները»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, որ Պակիստանից հեռանում են շատ պարզ առաջարկով, որն իրենց «վերջնական և լավագույն առաջարկն է»։ «Տեսնենք՝ արդյո՞ք իրանցիները կընդունեն այն»,- ասել է նա։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին, անդրադառնալով բանակցություններին, հայտարարել է, որ Թեհրանը «բարեխղճորեն» մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց հանդիպել է «մաքսիմալիզմի»։









