Foto

Քաղաքական ուժերը պետք է շատ ջանքեր գործադրեն, որպեսզի չգրանցվեն. ԿԸՀ նախագահ

ՀՀ ընտրական օրենսգիրքն այնքան լիբերալ է, որ քաղաքական ուժը պետք է զգալի ջանքեր գործադրի գրանցումից խուսափելու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025թթ․ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։
Հովակիմյանը նշել է, որ քաղաքական ուժը, ըստ էության, պետք է դիտավորյալ չներկայացնի պահանջվող փաստաթղթերը։

«Նույնիսկ եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են թերություններ, Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ քաղաքական ուժին տրվի 48 ժամ դրանք շտկելու համար։ Օրենսգիրքը թույլ չի տալիս մերժել փաստաթղթերի ընդունումը՝ թերի լինելու կամ սխալների պատճառով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է ընդունել փաստաթղթերը որպես քաղաքական ուժի կողմից ներկայացված։ Եթե ներկայացնելուց հետո պարզվի, որ կան թերություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է ժամանակ տրամադրել դրանք շտկելու համար»,- ասել է Հովակիմյանը։

Նա նշել է, որ գրանցումը շրջանցելու միայն մեկ եղանակ կա։ Օրինակ, եթե կուսակցությունը կամ դաշինքը հրաժարվում է վերացնել առկա թերություններն ու բացթողումները։