Դավիթ Մինասյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հակոբ Կուրեղյանի կողմից ներկայացված միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել էր փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Ավելին՝ ըստ փաստաբանի, դատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի մյուս հանգամանքները ևս հաշվի առնվեն, քանի որ իրենց ներկայացրած հանգամանքներից միայն մեկն է քննության առնվել։
Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30-ին քննիչները խուզարկություն իրականացրեցին տղաների բնակարանում։ Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Պաշտպանության կողմը պնդում է, որ 18-ամյա Դավիթը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության հետ, և տղան պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։
Հիշեցնենք նաև, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ՝ ուսումը կազմակերպելու նպատակով, սակայն ճանապարհին Դավիթի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, որտեղից էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մերի Մանուկյան









