Օրերս հերթական անգամ անդրադարձել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում դասալքության թեմային և շրջանառվող տվյալներին:
Իսկ պատճառն Աննա Հակոբյանի վերջին պատասխան-գրառումն էր, որով, ըստ էության, նա կասկածի տակ է դնում զինվորի կամ կանոնավոր բանակի զինծառայողի դասալիք չլինելու փաստը, և ակնարկում, որ այս հարցում կասկածներ չունեցողների ինֆորմացվածությունը թարմացման կարիք ունի:
Մենք տեղեկացրել ենք, որ դասալքության հետ կապված թարմ տվյալներ ստանալու նպատակով ապրիլի 1-ին գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ պաշտպանության նախարարություն, պատասխանները ստանալուն պես՝ կհրապարակենք: Գուցե Աննա Հակոբյանը ճիշտ է՝ մեր ունեցածը հին է, թարմացման կարիք ունի, թեև այն մեկ տարվա վաղեմության է:
Եվ ահա ՀՀ քննչական կոմիտեն 5-օրյա ժամկետում պատասխան գրություն է ուղարկել արդեն, իսկ մեր հարցման միջոցով մենք փորձել ենք ստանալ հետևյալ հարցերի պատասխանը.
1. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, դասալքության քանի՞ դեպք է եղել, այսինքն, քանի՞ հոգու նկատմամբ քանի՞ գործ է հարուցվել, ի՞նչ փուլում են այդ գործերը, քանիսի՞ մասով կան դատական վճիռներ:
2. 44-օրյա պատերազմում դասալիքներից քանի՞սն են եղել կանոնավոր զորքից, քանի՞սը՝ պահեստազորից, կամավորականներից:
3. ԱԱԾ-ից և Ոստիկանությունից 44-օրյա պատերազմի ընթացքում դասալքության քանի՞ դեպք է եղել:
4. Քննչական կոմիտեի կամավորական ջոկատը որտե՞ղ է եղել 44-օրյայի ժամանակ, ո՞ր հատված է ուղարկվել:
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի ապրիլի 1-ի հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում 11.000 և ավելի զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է 1500 քրեական վարույթ, որոնցով իրականացվել է նախաքննություն և օրենքով սահմանված կարգով լուծվել է շատերի ընթացքը:
Նշված մնացած հարցերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում առանձին վիճակագրություն չի վարվում»:
Այսինքն, վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի բան չի փոխվել:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 9-ի մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում 11.000 և ավելի զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է շուրջ 1500 քրեական վարույթ, որոնցով իրականացվել է նախաքննություն և օրենքով սահմանված կարգով լուծվել է բազմաթիվ քրեական վարույթների ընթացքը:
Հավելենք, որ 2025 թվականի հունիսին, երբ գրավոր տարբերակով փորձել էինք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից ճշտել՝ դասալիքների 11.000 թիվը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ենթադրյալ դասալիքներից քանի՞սն է կանոնավոր բանակից, քանի՞սը՝ ոչ, նա պատասխանել էր. «Ձեր կողմից բարձրացված հարցը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության շրջանակներից»:
Սպասենք այս թեմայով ՀՀ ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության հերթական պատասխան գրություններին: Մի բան հստակ է՝ ըստ էության, որ պաշտոնական հաստատում չկա կանոնավոր բանակից դասալքության խայտառակ պատկեր հաստատող:
Իսկ ՀՀ քննչական կոմիտեն շրջանցել է մեր գրավոր հարցման մեջ առկա 44-օրյա պատերազմին կամավորական ջոկատ ուղարկել-չուղարկելու հարցը, և, թե որտեղ են նրանք մասնակցել մարտական գործողություններին, եթե մասնակցել են:
Նշենք, որ պատերազմի օրերին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով զինվորագրվել է 180 կամավորական»:
«Ձևավորվել է 4 դասակ, որոնցից 2-ը՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել է մարտական ծառայության»,- մանրամասնել էր ՔԿ-ն:
Թե ինչու է հիմա այս առնչությամբ հարցն ամբողջությամբ կամ առհասարակ անտեսել, կարող ենք տարբեր ենթադրություններ անել:









