Foto

Ինչո՞ւ Աշոտ Փաշինյանը չի կանչվել վարժական հավաքների. Պապիկյանը գաղտնի է պահում նրա զինվորական հաշվառման մասնագիտությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2025 թվականի աշնանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի  նիստում պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման համատեքստում  հայտարարել էր, որ 2026-ից նախատեսվում է տարեկան զորակոչել 20 հազար պահեստազորային՝ 2025 թվականի 16.000-ի փոխարեն: Միաժամանակ անցած տարի որոշվել էր խստացնել 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու պատիժը:

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է Սուրեն Պապիկյանի պնդումը, թե «երկար տարիներ մեր երկրում պահեստազորի հավաքներին մատների արանքով են նայել, և տարիներ շարունակ հարյուր-հազարավոր պահեստազորայիններ չեն իմացել, թե ինչ է վարժական հավաքը, չեն իմացել իրենց կցագրման, ստորաբաժանման, իրենց առջև դրվելիք պոտենցիալ խնդրի՝ հանձնարարության մասին»:

Ավելին, ըստ պաշտպանության նախարարի, «պատկան մարմիններն էլ չեն իմացել այդ մարդկանց գտնվելու վայրի, հետագա կրթության, աշխատանքի նոր բնույթի, առողջության, հնարավոր հաշմանդամության ու անգամ մահացության մասին, իսկ այսօր ստեղծված է տարածքային պաշտպանության համակարգ, որի միջոցով իրականացվում են 25-օրյա վարժական հավաքները, տարեկան ծառայության են ներգրավվում հազարավոր պահեստազորային քաղաքացիներ»:

Այս ամենի ֆոնին 168.am-ը մարտի 18-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պարզելու, թե զինվորական ծառայություն անցած Աշոտ Փաշինյանը երբևէ վարժական հավաքի մասնակցության ծանուցում ստացե՞լ է, եթե ոչ՝ ինչո՞ւ, հիմնավորել օրենքի պահանջի սահմաններում: Մենք խնդրել ենք նաև նախարարին կամ պաշտպանության նախարարությանը ներկայացնել այն օրենսդրական հիմքերը՝ ովքե՞ր պիտի կանչվեն վարժական հավաքների, ի՞նչ պարբերականությամբ:

Մոտ 3 շաբաթ հետո՝ ապրիլի 6-ին, պաշտպանական գերատեսչությունը պատասխան գրություն է ուղարկել, որտեղ նշվում է.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված 18.03.2026 թ. Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ պահեստազորայինների վարժական հավաքներն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Պահեստազորայինների ընտրությունն իրականացվում է համաձայն ժամանակացույցի և զինվորական հաշվառման մասնագիտության:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2023-2026թթ. ընթացքում Աշոտ Փաշինյանի զինվորական հաշվառման մասնագիտությամբ պահեստազորում հաշվառվածներից վարժական հավաքներին ներգրավվել է ընդամենը 4.7 տոկոսը, իսկ Աշոտ Փաշինյանը դեռևս չի ներգրավվել»:

Արձանագրենք, որ պաշտպանության նախարարությունը չի նշել Աշոտ Փաշինյանի պահեստազորում զինվորական հաշվառման մասնագիտությունը կամ մասնագիտացումը, շրջանցել է նաև, առհասարակ, վարժական հավաքներին մասնակցությանն առնչվող օրենսդրական հիմնավորումներ ներկայացնելու մեր հարցադրումները:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հոդված 59-ը, մասնավորապես, սահմանում է, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կանչվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինները, մասնավորապես՝

«Պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում:

Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

3. Պահեստազորի առաջին խմբի երկրորդ կարգում հաշվառված`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները, թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև մեկ ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս մեկ տարվա ընթացքում»:

Նույն օրենքի հոդված 60-րդում էլ նշվում է.

«1. Պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբերում հաշվառված շարքային կամ ենթասպայական կամ սպայական կազմերի պահեստազորայինը կարող է կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) կամ զորավարժությունների (զորախաղերի) ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ:

2. Պահեստազորայինները զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) կանչվում են մինչև 10 օրացուցային օր ժամկետով, իսկ զորավարժությունների (զորախաղերի)` դրանց տևողության ամբողջ ժամկետով:

3. Պահեստազորայինը զինվորական վարժանքի կամ զորավարժության կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված ծանուցման համաձայն»:

Միաժամանակ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ: Բացի այս, հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ՝ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավվելու հայտարարված վարժական հավաքին:

Իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածն էլ սահմանում է.

«1. Զորահավաքի ժամանակ պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում՝ զինվորական կոմիսարիատների կողմից:

  1. Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`

1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.

3) ունի չորս և ավելի երեխա.

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է»:

Վերադառնանք Աշոտ Փաշինյանին, և նշենք, որ նա պարտադիր զինվորական ծառայությունն ավարտել է կամ զորացրվել է 2020 թվականի հուլիսին:

Այնուհետ, երբ սկսվել էր 44-օրյա պատերազմը, 2020 թվականի հուլիսին զորացրված Աշոտ Փաշինյանը հետևելով հոր՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ի մարտակոչին, որոշել էր կամավորագրվել:

168.am-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից դեռ 2023 թվականին հայտնել են, որ «Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին»:

«Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն զորակոչվել զորահա­վաքային զինվորական ծառայության՝ նշանակվելով ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի (հրամանատար՝ գնդապետ Ա. Սմբատյան) 1-ին հգմ-ի 1-ին վաշտի 1-ին դասակում՝ ջոկի հրամանատարի պաշտոնում:

Նշված զորամասն իր ողջ կազմով մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում»,- հավելել էին ՊՆ-ից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան:

Հարցն այստեղ այն է, որ, երբ 2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն՝ նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:

Այսինքն, 44-օրյայի ժամանակ Աշոտ Փաշինյանին մղել են կամավորագրվելու օրենքի շրջանցմամբ կամ խախտմամբ, այն էլ՝ Արցախ, որը Նիկոլ Փաշինյանը համարում է, որ երբեք մերը չի եղել: Իսկ հիմա, երբ նա ամեն օր խոսում է ՀՀ ինքնիշխան տարածքներից, 29 743 քկմ-ից, իր որդին որևէ անգամ այն չի պահել՝ վարժական հավաքին մասնակցության տարբերակով: Սուրեն Պապիկյանն ասում է, թե Աշոտ Փաշինյանի զինվորական մասնագիտացմամբ 4.7 տոկոսն է ներգրավվել վարժական հավաքներին, բայց թե որ մասնագիտացման մասին է խոսքը, չի նշվում, և թե ինչու նա չկա այդ 4.7 տոկոսի մեջ: Իսկ թե արդյո՞ք կլինի, կարծում ենք՝ պատասխանը ենթադրելի է, եթե քաղաքական նպատակահարմարություն լինի, ինչպես 44-օրյայի ժամանակ:

Այս համատեքստում հարկ է շեշտել, որ 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ ձախողվել է ՀՀ մոբիլիզացիոն պլանը, երբ նախ՝ համընդհանուր զորահավաք հայտարարվեց, այնուհետև՝ այն դարձվեց մասնակի:

Ավելին, զորակոչը չեղավ ըստ մասնագիտությունների, այսինքն, բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդային էր:

Մասնագետների կարծիքով, եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների, ստեղծվեին համապատասխան ուժեր, ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը, այլ պատկեր կունենայինք:

Իսկ ՀՀ գործող իշխանություններն այսօրինակ բացերը փորձում է արդարացնել նախկինների՝ պահեստազորը վատ պատրաստելու փաստով: Ոչ ոք չի ասում, թե խնդիրներ չեն եղել դեռ նախկինից, բայց պետք է ընդունել նաև սեփական պատասխանատվությունը մոբիլիզացիայի ձախողման հարցում:

Ինչ վերաբերում է 2026 թվականին նախատեսված վարժական հավաքներին, ապա հունվարին ՀՀ կառավարարությունը որոշել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների ժամանակացույցը՝

1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.

2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.

3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.

4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.

5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.

6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.

7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Կառավարության նշված որոշման մեջ նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով, և որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: