Ռուսաստանն ուսումնասիրում է Մալայզիայի, Բահրեյնի և Քուվեյթի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու հնարավորությունը՝ երկիր տուրիստական հոսքի մեծացման ռազմավարության շրջանակներում: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ապրիլի 2-ին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Մենք զբոսաշրջության զարգացման համար ինչ-ինչ նոր մոտեցումներ ենք սահմանել մի քանի ուղղություններում։ Առաջին ուղղությունը վիզաներն են. այստեղ գլխավորն առանց վիզայի ռեժիմի հետագա ընդլայնումն է, ինչպես նաև էլեկտրոնային վիզաների կիրառման պարզեցումն ու ընդլայնումը։ Անցյալ տարի մենք չեղարկեցինք վիզաները Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ։ Հերթում Մալայզիան, Բահրեյնը և Քուվեյթն են», – ասել է նա Նիժնի Նովգորոդում կայացած համաժողովի ժամանակ։
Ինչպես նշել է Ռեշետնիկովը, նաև աշխատանքներ են տարվում Հնդկաստանի և Վիետնամի հետ խմբային առանց վիզա զբոսաշրջային ուղևորությունների ուղղությամբ։









