Foto

Մեր պահանջը մեկն է՝ փոխել Դավիթ Մինասյանի խափանման միջոցը․ Փաստաբան

 Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են տեսանյութը, որտեղ Դավիթն ընկնում է Փաշինյանի թիկնապահի հարվածից.

«Հարցուպատասխանի ընթացքում, երբ հետաքրքրվեցինք՝ որտեղ են այն տեսանյութերը, որոնք իրենք էին ուսումնասիրել, պարզվեց, որ այդ դրվագը դրանցում բացակայում է։ Մինչդեռ մեր ներկայացրած երկու տեսանյութերում հարվածի ուղիղ պահը չի երևում, բայց հստակ տեսանելի է Դավիթի ընկնելու և ապա վեր կենալու պահը։ Այսինքն՝ մեզ հայտնի չէ որևէ տեսանյութ, որտեղ հարվածի պահը լիարժեք ֆիքսված է։ Մեր պահանջն է, որ փոխեն խափանման միջոցը։ Խափանման միջոցի փոփոխումը գլխավոր դատախազի կամ գործը հսկող դատախազի բացառիկ լիազորությունն է։ Նրանք կարող են իրենց նախաձեռնությամբ վերանայել այն։ Թող առաջարկվի գրավ, և ընտանիքը պատրաստ է վճարել համապատասխան գումարը։ Այսօր արդեն կփորձենք ներկայացնել բողոքարկումը։ Միաժամանակ կբողոքարկվի նաև այսօրվա խուզարկության որոշումը։ Նախորդ խուզարկության որոշման բողոքարկումն արդեն պատրաստ է և այսօր կհանձնվի փոստային առաքմամբ»։


Փաստաբանը կրկին ընդգծել է՝ հիմնական և միակ պահանջն է՝ փոխել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։