Foto

NASA-ն սկսել է «Արտեմիս-2» լուսնային թռիչքի հետհաշվարկը

NASA-ն սկսել է 50-ժամյա հետհաշվարկը մինչև ամերիկյան «Artemis II» պիլոտավորվող լուսնային թռիչքի մեկնարկը, որը նախատեսված է ապրիլի 1-ին: Այս մասին հայտարարել է NASA-ն: 

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր հետհաշվարկը հենց նոր սկսվեց»,- NASA-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արձակման տնօրեն Չարլի Բլեքուել-Թոմփսոնը:

«Մեր թիմը շատ քրտնաջան է աշխատել մեզ այս պահին հասցնելու համար։ Միանշանակ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ մենք հիմա գտնվում ենք գերազանց, հիանալի վիճակում»,- նշել է նա:

SLS կրող հրթիռը Orion տիեզերանավի հետ միասին Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի 39A արձակման հրապարակում տեղադրվել էր դեռևս մարտի 20-ին:

Դեպի Լուսին «Artemis II» պիլոտավորվող թռիչքի արձակումը նախատեսվում է ապրիլի 1-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 18:24-ին (ապրիլի 2-ին, ժամը 02:24-ին՝ Երևանի ժամանակով): Այս պահին եղանակային կանխատեսումը 80%-ով նպաստավոր է դրա իրականացման համար:

«Artemis II» թռիչքի շրջանակներում Orion տիեզերանավը մեկ պտույտ կկատարի Լուսնի շուրջը: Տիեզերանավը, որի անձնակազմի կազմում են NASA-ի տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Կոխը և Կանադական տիեզերական գործակալության (CSA) տիեզերագնաց Ջերեմի Հանսենը, պետք է թռչի Լուսնի մակերևույթից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա և վերադառնա Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսի ջրերում: Թռիչքի տևողությունը կկազմի 10 օր:

tert.am