Foto

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան

Ռուսաստանն անընդունելի է համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ և կոչ է անում ԱՄՆ-ին և Իսրայելին անհապաղ դադարեցնել ագրեսիան Իրանի դեմ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցման օգտին»,- նշել է նա Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի ընդհանուր նիստում:

«Մենք անընդունելի ենք համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որտեղ էլ դրանք լինեն՝ Իրանում կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի պետություններում», – ընդգծել է Լավրովը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։