Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երկրի մի քանի շրջանի վրա Իսրայելի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 45, վիրավորվել՝ 100-ից ավելի մարդ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է երկրի Ազգային լրատվական գործակալությունը։Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող տարբեր բնակավայրերի։Հարավից տեղահանված մարդկանց հոծ խմբերը շարունակում են շարժվել դեպի Սայդա և Բեյրութ քաղաքներ։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարավային Լիբանանում սպանել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 20 մարտիկի։Նշվում է, որ հարվածներ են հասցվել շարժման տասնյակ ռազմական կառույցների։
«Հեզբոլլահ»-ը հայտնում է, որ իր մարտիկները բախվել են իսրայելական ցամաքային զորքերի հետ, որոնք փորձում էին առաջխաղացում կատարել հարավային Լիբանանում։ Հայտարարության համաձայն՝ խմբավորումը հրթիռներ է տեղակայել և ոչնչացրել վեց իսրայելական «Մերկավա» տանկ։«Հեզբոլլահ»-ը պնդում է, որ իսրայելցի զինվորականները մի քանի ուղղաթիռ են բերել վիրավորներին տարհանելու համար։«Հեզբոլլահ»-ը նաև հայտարարել է, որ երեք առանձին հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի Կիրյաթ Շմոնա քաղաքի վրա, ինչպես նաև թիրախավորել իսրայելական զորքերը Խիրբեթ ալ-Մարանայում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանում Իսրայելի կողմից շարունակվող օդային հարձակումների պատճառով տեղահանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։
Մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 968 մարդ, այդ թվում՝ ավելի քան 100 երեխա։ Իսրայելը Լիբանանում հարվածներ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը գրոհներ իրականացրեց Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների։Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով զոհվել է ավելի քան 1300 մարդ, Իսրայելում Իրանի պատասխան հարվածներից զոհերի թիվը հասել է 14-ի։ Զոհվել է նաև ամերիկացի 13 զինծառայող։









