Foto

Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը

vtforeignpolicy.com անվանումով կայքում Հայաստանի մասին հերթական կեղծ նյութն է հրապարակվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ նախարարության՝ այս անգամ ապատեղեկատվություն տարածող հարթակը Հայաստանի իշխանություններին վերագրել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու մասին կեղծիքներ։

«Հաշվի առնելով Հայաստանի դեմ արտաքին ապատեղեկատվական հարձակումների հետագիծը՝ հարկ ենք համարում հայտարարել, որ «Փաշինյանի սև շուկան օրգանների համար․ ինչպես է Հայաստանի վարչապետը իր քաղաքացիներին մաս-մաս «վաճառում» Ֆրանսիային՝ փոխպատվաստումների համար» վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Հայաստանի Հանրապետությունում օրգանների փոխպատվաստման ոլորտը կարգավորվում է օրենքով և համապատասխան պետական վերահսկողության ներքո է։

Նմանատիպ անհիմն պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և պետք է դիտարկվեն բացառապես որպես ապատեղեկատվության տարածման հերթական փորձ»,- ասվում է հաղորդագրությունում։