Foto

Պետական դավաճանության շոուն արեցին ու մեղադրյալին ազատեցին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «2025 թվականի ապրիլին մեղադրանք էր առաջադրվել Ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանին, որին ազատել էին աշխատանքից եւ տնային կալանք սահմանել։ Քննչական կոմիտեից միայն հայտնել էին, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն): Այդ ժամանակ մենք եւ այլ լրատվամիջոցներ գրել էինք, որ մեր արխիվից ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիների քանակի, տեղաբաշխման մասին, որոնք ծառայեցվելու են իրենց շահերին:

Նախաքննությունը տեւել է մեկ տարի եւ արդեն ավարտվել, վարույթն ուղարկվել է դատախազին՝ հաստատման։ Այս քրեական գործում, բացի Սոնյա Միրզոյանից, մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Անահիտ Քոչարյանը, որին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացման եւ էլեկտրոնային շտեմարանի վարման բաժնի պետի պաշտոնը, իր ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական եւ ծառայողական շահերին, իր ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչն էլ վնաս է հասցրել կազմակերպության շահերին։

Նախաքննության ընթացքում, մեր տեղեկություններով, փոխվել է Սոնյա Միրզոյանի խափանման միջոցը․ դատարանը նրա տնային կալանքը փոխել է վարչական հսկողությամբ, ինչն ավելի մեղմ խափանման միջոց է, իսկ Անահիտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ Ստացվում է, որ «պետական դավաճանության» մեջ մեղադրվող տիկնոջ մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եղել, որ դատարանը բավականին մեղմացրել է խափանման միջոցը, հակառակ դեպքում՝ նա կլիներ բանտում, ինչպես մյուս նմանատիպ քրեական գործերի դեպքում է։ Մենք փորձեցինք զրուցել Միրզոյանի պաշտպան Տիգրան Գրիգորյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: