Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն։ Այս մասին ընտրվելուց հետո առաջին անգամ իր ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
Նա նշել է, որ Իրանը հավատում է իր հարևանների հետ բարեկամությանը և հարձակվում է միայն այդ երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա․ «Երկար տարիներ թշնամին աստիճանաբար ռազմական և ֆինանսական բազաներ է կառուցել այդ երկրներից մի քանիսում, որպեսզի ապահովի իր գերիշխանությունը տարածաշրջանում։ Մենք ստիպված ենք շարունակել հարվածել ռազմաբազաներին, չնայած որ կարծում ենք, որ մեր և մեր հարևանների միջև բարեկամությունը կարևոր է»։
Խամենեիի խոսքով, այդ երկրները պետք է լուծեն իրենց խնդիրը իրանցի ժողովրդին սպանածների հետ․ «Ես խորհուրդ եմ տալիս հնարավորինս շուտ փակել այս բազաները, քանի որ նրանք արդեն պետք է գիտակցած լինեն, որ ԱՄՆ-ի անվտանգության և խաղաղության մասին պնդումները սուտ են։
Իրանը չի հրաժարվի նահատակների արյան վրեժ լուծելուց: Վրեժ է նախատեսվում ոչ միայն այաթոլլա Խամենեիի սպանության, այլև յուրաքանչյուր սպանված իրանցու, մասնավորապես՝ Մինաբում թափված անմեղ երեխաների արյան համար»,- ասել է նա։
Գերագույն հոգևոր առաջնորդը նաև նշել է, որ փոխհատուցում կպահանջի երկրի վրա հարձակվողներից, և եթե նրանք հրաժարվեն, ապա կբռնագրի այնքան գույք, որքան անհրաժեշտ կհամարի կամ կոչնչացնի դրանք։
Խամենեին նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին աջակցության համար և վստահեցրել, որ շարունակելու է իր նախորդների ճանապարհը: Իրանը չի ձգտում էքսպանսիայի և գերիշխանության տարածաշրջանում, այլ ցանկանում է անկեղծ փոխըմբռնում հարևանների հետ, ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։









