Foto

ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով

ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք: Այս պահին Ադանայի հյուպատոսությունը դադարեցրել է բոլոր տեսակի ծառայությունները, իսկ Թուրքիայի հարավարևելյան 22 նահանգներ, այդ թվում՝ Ադանան, Վանը, Մուշը և Գազիանթեպը, դասվել են վտանգավորության ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի գոտիների շարքին:

Պետդեպարտամենտը նաև նախազգուշացնում է Թուրքիայում աճող հակաամերիկյան և հակաիսրայելական տրամադրությունների, ինչպես նաև ահաբեկչական հնարավոր հարձակումների և կամայական ձերբակալությունների ռիսկի մասին: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել մարդաշատ վայրերից և ցուցաբերել առավելագույն զգուշություն: