Foto

Հայաստանում սոցհարցումը մի բան է, քվեարկությունը՝ այլ, իսկ իշխանությունը գիտի՝ պարտության դեպքում կարող են հայտնվել բանտում. Բադալյան

Թեև սոցիոլոգիական հարցումները կարևոր են, բայց ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը խորհուրդ է տալիս դրանց չհավատալ։

«Ընդհանրապես սոցիոլոգիական հարցումներին խորհուրդ կտամ չհավատալ։ Սոցիոլոգիական հարցումները կարևոր ատրիբուտ են քաղաքական գործընթացներում։ Դրանք որոշակի խնդիրներ են լուծում, եթե փակ են, չեն հրապարակվում։ Օրինակ, երբ քաղաքական ուժն ինչ-որ գործողություն է իրականացնում, ցանկանում է տեսնել իր գործողության արդյունավետությունը, սոցիոլոգիական կազմակերպությանը պատվիրում է  հարցում անցկացնել և տվյալները տալ իրեն, որը չի հրապարակվում։ Սա է սոցիոլոգիական իրական հարցումը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով օրեր առաջ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հրապարակած սոցհարցումներին՝ նա ասաց, թե ոչ ոք չի կարող ասել, թե դրանք որքանով են իրականությունը ցույց տալիս։

«Դրանք այդքան էլ իրականությունը ցույց չեն տալիս, ոչ-ոք չի կարող ասել, թե դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ կարծիք է ձևավորում։

Կա ընտրազանգվածային մի խումբ, որը կոչվում է տատանվող ընտրազանգված։ Այս խումբը չգիտի ում քվեարկի, ում՝ ոչ։ Ահա նման սոցիոլոգիական հարցումներով ոչ թե իրականություն են ցույց տալիս (որովհետև չենք կարող ասել, սա ճիշտ է, թե սխալ), որքան ազդում են տատանվող ընտրազանգվածի վարքուկանոնի վրա, այսինքն՝ դրդում են նրանց գնալ և քվեարկել այս կամ այն ուժի օգտին»։

Այսպիսով, ըստ մասնագետի, այս հարցումներն ազդում են կարծիք ձևավորելու վրա, հետևաբար, չենք կարող ասել՝ այս սոցիոլոգիական հարցումը ճիշտ է, թե ճիշտ չէ։

«Եվ ինչքան մոտենա քվեարկությունը, այնքան սոցիոլոգիական այդ հարցումներն ավելի ու ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ են ունենալու։ Այսինքն, մենք չենք կարող ճշտել, դա ճիշտ է, թե՝ սխալ, բայց նրանք ավելի ու ավելի են դրդելու տատանվող ընտրազանգվածին գնալ, քվեարկել այս կամ այն ուժի օգտին, որովհետև նրանք պատկեր են ձևավորում, որի օբյեկտիվությունը չենք կարող ստուգել»։

Ըստ IRI ընկերության կողմից անցկացված հարցման՝ «ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի», պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

ՔՊ – 24 տոկոս,

«Ուժեղ Հայաստան» - 9 տոկոս,

«Հայաստան» դաշինք և ՀՅԴ – 3 տոկոս,

ԲՀԿ – 3 տոկոս

Ընտրական տեխնոլոգիաների մասնագետը չի կարծում, որ այս պատկերն իրականություն կդառնա հունիսի 8-ին.

«Չեմ կարծում, որովհետև Հայաստանում մի բան է սոցիոլոգիական հարցումը, եթե անգամ դա իրականության համապատասխանում է, օբյեկտիվ է, բայց ուրիշ բան է քվեարկությունը, մարդիկ շատ դեպքերում ուրիշ բան են պատասխանում, բայց ուրիշ բան են քվեարկում։

Արդյո՞ք վստահ եք, որ Հայաստանում ընտրական գործընթացն անցնելու է շվեյցարական կամ բելգիական ընտրական գործընթացի նման ազնիվ ու արդար, հատկապես այս պայմաններում, երբ իշխող քաղաքական ուժը և նրա շատ ղեկավարներ գիտեն, որ պարտության դեպքում նրանցից շատերը ուղղակի բանտ են նստելու իրենց կատարած ենթադրյալ հանցանքների համար։ Հետևաբար, ասել, որ սա իրականություն կդառնա՝ այդքան էլ ճիշտ չէ։

Չմոռանանք, որ ԵՄ ղեկավարությունը՝ հանձինս Կայա Կալլասի, Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը, վերջերս էլ ԱՄՆ փոխնախագահն իրենց աջակցությունը հայտնեցին կոնկրետ մեկ քաղաքական ուժի, որովհետև նրանց նպատակն է, որ այդ քաղաքական ուժն ամեն կերպ մնա իշխանության»։

Արմեն Բադալյանը հիշեցնում է, որ ԵՄ-ն գումար է հատկացնելու «Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի հետևանքները չեզոքացնելու համար»։

«Նրանք բացահայտ ասել են՝ մենք Հայաստանում անելու ենք մոլդովական սցենար։ Իսկ այդ սցենարը չի ենթադրում սոցիոլոգիական հարցումներով ինչ-որ ճշտումներ։ Մոլդովական սցենարի դեպքում կապ չունի, թե սոցիոլոգիական հարցումներն այս կամ այն քաղաքական ուժին ինչ վարկանիշ են տալիս։ Մոլդովական սցենարը ենթադրում է իշխող քաղաքական ուժի՝ ցանկացած տեխնոլոգիաներով, նկատի ունենք ոչ ազնիվ տեխնոլոգիաներով, վերարտադրությունը»։