Foto

Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել

Նավթային օբյեկտներին հասցված գիշերային հարվածներից հետո կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա թանձր սև ծուխ է բարձրացել, որը պատել է քաղաքի զգալի մասը, հայտնում է Akhbar Rooz կայքը:

Արդյունքում քաղաքի բնակիչներն անսովոր երևույթի ականատես են դարձել. անձրևի ժամանակ մեքենաների, հագուստի և բաց մակերեսների վրա մուգ կաթիլներ են նստել, ինչը տեղացի մեկնաբանները բնորոշում են որպես «նավթային անձրև»:

Արտակարգ ծառայությունները նախազգուշացրել են առողջության համար հնարավոր սպառնալիքի մասին և նման տեղումներից հետո բնակչությանը հորդորել են մնալ տանը:

Քաղաքացիներին խորհուրդ են տալիս չօգտագործել օդորակիչներ և օդափոխության համակարգեր, որպեսզի աղտոտված մասնիկները չթափանցեն շինություններից ներս, ինչպես նաև մինչև օգտագործելը սննդամթերքն ու մակերեսները մանրակրկիտ մաքրել սև նստվածքից:

Շրջակա միջավայրի փորձագետները նշում են, որ նավթային օբյեկտներում պայթյունների ուժգնությունը հանգեցրել է մայրաքաղաքի օդի աննախադեպ աղտոտման:

Ըստ նրանց, անձրևային տեղումները թթվային և նավթային մասնիկների վտանգավոր խառնուրդ են, որոնք շնչառական ուղիների հետ շփման դեպքում կարող են առաջացնել շնչառական և մաշկային հիվանդություններ: Բնակիչներին հորդորում են սահմանափակել փողոցում գտնվելը մինչև իրավիճակի կարգավորումը: