ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Սթիֆ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջիկա շաբաթներին նոր առաջընթաց է սպասվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Նախագահի առաջնորդությամբ մենք շարունակում ենք հասնել նշանակալի արդյունքների՝ միաժամանակ աշխատելով խաղաղության համաձայնագրի մշակման ուղղությամբ, որը մեկընդմիշտ վերջ կդնի պատերազմին։ Քննարկումները շարունակվում են, առաջիկա շաբաթներին սպասվում է լրացուցիչ առաջընթաց», – գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի կառավարությանը ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները Ժնևում հյուրընկալելու համար։
Ուիթքոֆը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղորդմամբ այս շաբաթ Մոսկվան և Կիևը փոխանակել են, ընդհանուր առմամբ, 1000 ռազմագերու՝ «500-ը 500-ի դիմաց սկզբունքով», երկու փուլով։ Այս փոխանակման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
Ժնևում փետրվարի 17-18-ին կայացել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլը։ Մինչ այդ բանակցություններ էին կայացել Աբու Դաբիում՝ հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին։ Եռակողմ հաջորդ բանակցությունները նախատեսված էին մարտի 5-9-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դրանք կարող են հետաձգվել Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով։









