Foto

Էթնիկ հիմքով անջատողականության սպառնալիքը կստիպի իրանցիներին էլ ավելի համախմբվել իշխանության շուրջ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«ՔՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈ՞Ր ՓՈՒԼԸ

Արդեն մոտ մեկ շաբաթ տևող իրանա-իսրայելա-ամերիկյան պատերազմում, չնայած դրա այլևս երկարաժամկետ բնույթին, կարծես թե թևակոխում ենք նոր փուլ։ Այս հյուծիչ պատերազմի վերջին ժամերին գլխավոր «ինտրիգը» կապված է քրդերի հետ, որոնց, ըստ ամենայնի, վերապահված է այս փուլում դառնալ ամերիկա-իսրայելական «կինոյի գլխավոր հերոսը»։

Փորձեմ հակիրճ բացատրել։

Ձախողելով պատերազմի հիմնական մարտավարությունը (սպանել Իրանի ղեկավարությանը և ներքին դժգոհության միջոցով հասնել կամակատար նոր ռեժիմի հաստատմանը)` այժմ Իսրայելը և ԱՄՆ փորձարկում են նոր մարտավարություններ: Այստեղ պետք է հիշել, որ բացատապես օդային հարձակումների (առանց ցամաքային գրոհի) միջոցով իշխանափոխություն կատարելու տարբերակը չի աշխատում, առավել ևս` Իրանի դեպքում: Հետևաբար խնդիր է դրված ուժեղացնել/մեծացնել այն քայլերը, որոնք կնպաստեն Իրանի ներքին քայքայմանը:

Պետք է նշել, որ Իրանի մասնատումը առաջին հերթին իսրայելական ծրագիր է: ԱՄՆ թեև հասկանում է, որ մասնատված Իրանը կարող է լիակատար քաոս առաջացնել տարածաշրջանում և հետևաբար ստեղծել նոր անկանխատեսելի խնդիրներ իր ու դաշնակիցների համար, այնուամենայնիվ փաստացի առաջնորդվում է իսրայելական ծրագրով: Պատճառը, կարծում եմ, այն է, որ ԱՄՆ ղեկավարությունը չունի այլ, ավելի լավ ծրագիր, որը թույլ կտա հնարավորինս արագ ու հեշտ հասնել հաղթանակ ավարտի (պարզ չէ նաև, թե որն է ԱՄՆ համար հաղթանակը): Այսինքն չկա exit strategy, ինչից օգտվում է Իսրայելը:

Այս տրամաբանությունից ելնելով կարծես թե վերջին ժամերին գործի է դրվում նոր «խաղաքարտ»` տարածաշրջանի քրդական գործոնը: Արդեն տարիներ ի վեր Իսրայելը և ԱՄՆ աշխատում ու աջակցում են քրդերին` բառի բուն իմաստով զինելով վերջիններիս: Այժմ, դատելով առկա տվյալներից, հարձակվողների ռազմավարական ծրագիրը մոտապես հետևյալն է. դրդել քրդական տարբեր զինված խմբերին (առաջին հերթին՝ Իրանի ներսում գործող մանր միավորներին) փաստացի զինված ապստամբություն բարձրացնել Իրանի հյուսիս-արևմուտքում (Թուրքիայի սահմանի երկայնքով), որը կհանգեցնի Իրանի ներսում քաոսի, ներէթնիկ բախումների ու արդյունքում կհանգեցնի երկրի փլուզման ու մասնատման։ Կից քարտեզում քրդերի բնակեցման մոտավոր վայրերն են (նարնջագույնով նշված):

Այս նպատակով արդեն իսկ տարվում են աշխատանքներ, ինչի մասին են վկայում ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցները Իրաքի քրդական ուժերի ղեկավարների հետ, քրդական մանր խմբավորումների միասնակամ հայտարարությունները նման սցենարի հնարավորության մասին, ինչպես նաև այն տեղեկությունները, որ ամերիկյան CIA-ը վերջին ամիսներին ակտիվորեն զինել է վերջիններիս: Սրան պետք է հավելել նաև այն, որ ավիահարվածները թիրախավորում են հիմնականում Իրանի արևմտյան շրջանները:

Հենց այս քրդական զինյալները կարող են ծառայել որպես «ցամաքային ուժեր», որոնք պիտի օգնեն դաշնակիցներին հասնել Իրանի թուլացմանը և ոչնչացմանը:

Սակայն այս քայլը որքան վտանգավոր է Իրանի համար, այդչափ էլ խնդրահարույց է հարձակվողների համար: Էթնիկ հիմքով անջատողականության սպառնալիքը կարող է ստիպել իրանցիներին էլ ավելի համախմբվել իշխանության շուրջ: Միաժամանակ` քրդական գործոնը կարող է խնդրահարույց լինել այլ պետությունների համար ևս: Սա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, որը որևէ դեպքում ուրախ չի կարող լինել քրդական ուժեղ ու հաջող միավորումների առաջխաղացմամբ` սեփական քրդական գործոնն ունենալով:

Այս ցանկը կարելի է շարունակել:

Հետևաբար քրդական խաղաքարտը ավանտյուրա է, որի հետևանքները կարող են լինել չափազանց աղետաբեր:

Պատերազմի երկարումը նշանակում է, որ այն ամեն պահ կարող է ունենալ անկանխատեսելի դրսևորումներ` ներառելով նոր տարածքներ ու դերակատարներ: Ուստի զգոնությունը թուլացնելու ժամանակ չէ: Օրինակ` պարենային ու այլ նյութերի պաշարներ ստեղծելը պետք է լինի մեր պետության առաջնահերթություներից»։